36 ենթադրամաշնորհ հանձնվեց քաղհասարակության…

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

36 ենթադրամաշնորհ հանձնվեց քաղհասարակության կազմակերպություններին և կոալիցիաներին

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, 36 ենթադրամաշնորհների հանձնման համաձայնագիր ստորագրվեց քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ՔՀԿ կոալիցիաների հետ:

Ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ մինչև 5.5 միլիոն դրամ արժողության 29 ենթադրամաշնորհ հանձնվում է ծրագրի շրջանակում ստեղծված ՔՀԿ ինկուբատորի մասնակից կազմակերպություններին՝ համայնքային ծարգրերի իրականացման նպատակով: Եվ մինչև 8.5 միլիոն դրամ արժողության ենթադրամաշնորհներ են հանձնվում ԿԵՀ կողմից արդեն իսկ դրամաշնորհային ծրագրեր իրականացնող 7 ՔՀԿ կոալիցիաներին՝ իրենց կարողությունների զարգացման նպատակով:

«29 ենթադրամաշնորհներն ուղղված են հիմնականում հանրապետության տարբեր համայնքներում ծրագրերի իրականացմանը: Մենք ակնկալում ենք փոփոխություններ, որոնք կկատարվեն ձեր աշխատանքի շնորհիվ՝ կառավարության և ՏԻՄ-երի հետ համագործակցության, հանրային քաղաքականությունների վրա ազդելու միջոցով: Իսկ կոալիցիաներին ուղղված ենթադրամաշնորհները թույլ կտան նորաստեղծ կամ արդեն իսկ գործող կոալիցիաների կարողություններն այնպես ուժեղացել, որ նրանք առավել ազդեցիկ լինեն քաղաքականությունների մշակման, կառավարության հետ կառուցողական երկխոսության հարցում»,- նշեց Կարեն Զադոյանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պաշտոնյա Պաուլիոս Ստրելսիունասը իր ողջույնի խոսքում նշեց.

«Մենք հասկանում ենք, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից և ես ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել 2018-ին կատարված այդ աշխատանքի համար: Իհարկե, ես նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորիդ դաշտային աշխատանքների համար: Մեր կարծիքով, ամենամեծ փոփոխությունը դուք եք իրականացնում: Մենք ուրախ ենք Հայաստանում նման աջակցություն ունենալու համար: ԵՄ-ն վստահ է, որ փոփոխություններ չեն կարող լինել՝ առանց ՔՀԿ-ների ներգրավման»,- ասաց նա:

Այսօր տրամադրված ենթադրամաշնորհների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 220 միլիոն դրամ: Նախատեսվում է, որ հաջորդ տարեսկզբին կտրամադրվի ևս 2 ենթադրամաշնորհ ՔՀԿ կոալիցիային (ընդհանուր շուրջ 17 մլն դրամ արժողության):

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 31-ին ՔՀԿ 9 կոալիցիայի ծրագրի շրջանակում տրամադրվել է մինչև 25 միլիոն դրամ արժողության 9 ենթադրամաշնորհ՝ ԿԵՀ թիրախային ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով (ընդհանուր շուրջ 225 միլիոն դրամ):

Այսօր ենթադրամաշնորհ ստացած բոլոր ՔՀԿ-ների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: