ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
(Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու իրավակիրառ գործընթացի վերաբերյալ ստացված տվյալների արդյունքներով)
30.04.2019թ. ք.Երևան
«Կառուցողական երկխոսություն հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Սոցիալական Տեխնոլոգիաների Կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կոռուպցիոն ռիսկերն անձանց կալանավորման իրավակիրառ պրակտիկայում և օրենսդրական խոչընդոտների բարելավման հիմնահարցեր» ծրագրի շրջանակներում հանրային քաղաքականության մոնիթորինգի իրականացման, ոլորտի բարեփոխման, ծրագրային խնդիրների լուծման նպատակներով միջոցներ են ձեռարկվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու գործընթացին անմիջականորեն առնչվող անձանցից անհրաժեշտ տեղեկատվություններ ստանալու, դրանք վերլուծելու և ոլորտում առկա հիմնական խնդիրները վերհանելու համար։
ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ.
Մասնավորապես, 2019 թվականի մարտ ամսին հարցման են ենթարկվել մի շարք փաստաբաններ և իրավաբան-գիտնականներ։ Հարցման ենթարկված 10 իրավաբաններից 8-ը լինելով փաստաբաններ և իրենց գործունեությամբ մասնակցելով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննության մարմինների միջնորդությունների քննությանը, իսկ մյուս 2-ը լինելով իրավաբան-գիտնականներ` իրենց գիտական հետազոտությունների և կատարած ուսումնասիրությունների շրջանակներում` ընդհանուր առմամբ առանձնացրել են հետևյալ հանգամանքները.
– մի կողմից ձևավորված իրավակիրառ պրակտիկայով, մյուս կողմից օրենսդրորեն սահմանված կարգավորումներով են պայմանավորված կալանքի կիրառման բարձր ցուցանիշները Հայաստանի Հանրապետությունում։ Մասնավորապես, ինչպես խորհրդային ժամանակաշրջանից եկած ավանդույթները, այնպես էլ օրենսդրորեն նախատեսված` այլընտրանքային խափանման միջոցների կիրառման սահմանափակ հնարավորությունները նպաստում են կալանքի կիրառման ցուցանիշների աճին,
– կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից նախաքննությունն իրականացնող քննիչների մոտ առկա է մտավախություն, որ կալանքի միջնորդություն չներկայացնելու դեպքում հասարակության անդամների, իրենց գործունեության նկատմամբ գերատեսչական հսկողություն իրականացնող մարմինների մոտ կարող է ստեղծվել տպավորություն, որ նրանք շահագրգռված են գործով,
-թեև կալանավորումն օրենսդրությամբ չպետք է պարունակի պատժի տարրեր, սակայն գործնականում կալանքն ասոցացվում է պատժի հետ։ Իրավապահ մարմինների կողմից այն կիրառվում է որպես ներգործության միջոց` «ստիպելու» մեղադրյալին գործով տալ ցուցմունքներ, համագործակցելու վարույթն իրականացնող մարմնի հետ։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ կալանքի կիրառման վերաբերյալ հասարակության անդամների շրջանում նույնպես չկա ճիշտ ընկալում, այն առավելապես ընդունվում է որպես անձի դատապարտման արդունքում նշանակվող պատիժ,
– քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոցները գործուն չեն, բացակայում են անձի վարքագծի նկատմամբ վերահսկողություն սահմանելու արդյունավետ մեխանիզմներ։ Բացի այդ, որոշ դեպքերում էլ խափանման միջոցների կիրառման համար սահմանվում են խիստ հայեցողական չափանիշներ (օրինակ` երաշխավորության դեպքում անհասկանալի է, թե ինչպես պետք է որոշվի երաշխավորի` վստահություն վայելող անձ լինելը), ինչը հասկանալիորեն խոչընդոտ է հանդիսանում դրանց կիրառմանը,
– ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց նախատեսված է միայն գրավը, որի կիրառումն օրենսդիրը պայմանավորում է քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հետ։ Ավելին, գործող օրենսդրության պայմաններում գրավի գումարը կարող է պետական սեփականության դարձվել միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու դեպքում։ Բացի այդ, գրավը չի հանդիսանում ինքնուրույն խափանման միջոց, ինչը հնարավորություն չի ստեղծում նախաքննական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ ընտրելու այն։ Արդյունքում, լինում են դեպքեր, երբ նախաքննական մարմինը համաձայն է լինում գրավի կիրառմանը, սակայն սեփական նախաձեռնությամբ այն որպես խափանման միջոց ընտրելու հնարավորության բացակայության պատճառով ստիպված է լինում կալանավորման միջնորդություն ներկայացնել դատարան, որի քննության ընթացքում չի առարկում պաշտպանական կողմի ներկայացված գրավի միջնորդությանը։ Գրավի կիրառման համատեքստում նաև ըստ էության անհրաժեշտ է գրավի չափի առավելագույն սանդղակ սահմանել` այդ կերպ կանոնակարգելով այն նշանակելիս դատարանի ունեցած հայեցողության սահմանները։
-կալանավորման հիմքերի փաստարկվածության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների առկայության պայմաններում շարունակում են քննիչներն իրենց միջնորդություններում կալանավորման հիմքերը մեխանիկորեն վերարտադրել քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածից։ Հաճախ նաև հանցագործության ծանրությունը, պատժի խստությունն է կանխորոշում կալանքի կիրառման անհրաժեշտությունը,
– կալանքի վերաբերյալ միջնորդությունները կարող են քննության առնվել դռնբաց դատական նիստում։ Թեև հարկ է նշել, որ հարցման ենթարկված անձանց գերակշիռ մասը պնդում է, որ նախաքննական գատնիքի պաշտպանության տեսանկյունից դատավարական այդ գործընթացի ժամանակ նպատակահարմար չէ դռնբաց դատական քննության անցկացումը` ելնելով հասարակական զգացումներից, նախաքննական գաղտնիքի պաշտպանությունից,
– անչափահասների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվում է որպես կանոն միջազգային չափանիշներին համապատասխան` ծայրահեղ դեպքերում, որպես վերջին միջոց։ Այս առումով գործնականում բացառիկ դեպքերում են անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրում կալանքը,
– ՀՀ-ում գործող քրեակատարողական հիմնարկներից «Նուբարաշեն»-ի ՔԿՀ–ում պայմանները խիստ անբարենպաստ են։ Մասնավորապես, պայմանները չեն համապատասխանում անձին անազատության մեջ պահելու միջազգային չափանիշներին։ Նշված քրեակատարողական հիմնարկում անձին տրամադրվող տարածքները փոքր են, նույն խցում միաժամանակ պահվում են 10-12 հոգի։
Այսպիսով, վերոգրյալի հիման վրա պարզ է դառնում, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կալանքի կիրառման վերաբերյալ առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք ստորև կփորձենք հստակեցնել` ներկայացնելով նաև դրանց լուծման հնարավոր ուղղությունները։
Միևնույն ժամանակ, նշենք, որ նախորդ ամսվա ընթացքում ստացվել է ՀՀ արդարադատության նախարարություն կատարված հարցման արդյունքները։ Հարցումը վերաբերում էր ի թիվս այլոց, անձանց ազատության իրավունքի խախտման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված դատական ակտերի, արձանագրված խախտումների բնույթի, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման, ինչպես նաև կալանքի ժամկետների վերանայման, այլընտրանքային խափանման միջոցների ներդրման, կալանքի քննությունը դռնբաց ռեժիմով անցկացնելու մասին օրենսդրական նախագծերի մշակման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացմանը։
Ի պատասխան մեր հարցման` ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2019 թվականի մարտի 28-ի թիվ 6653-19 գրությամբ տրվել են համապատասխան ուսումնասիրությունների կատարման համար անհրաժեշտ հղումներ, միաժամանակ հայտնվել է, որ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմվել է այլընտրանքային միջոցների ներդրման նախագիծ։ Սակայն, նախագծով առաջարկվող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունն ապահովող տեխնիկական միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նախագիծը դեռ շրջանառության մեջ չի դրվել։
Նույն գրությամբ նշվել է նաև, որ կալանքի ժամկետների վերանայման, կալանքի քննությունը դռնբաց ռեժիմով անցկացնելու վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ չեն կատարվել։
ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոցների համակարգի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կալանավորումն անձին ազատությունից զրկելու վերաբերյալ ամենից խիստ խափանման միջոցն է, որի կիրառման արդյունքում սահմանափակվում է անձի ֆիզիկական ազատությունը։ Ընդ որում, այդ նույն համակարգից հատուկ սուբյեկտների նկատմամբ կիրառվող խափանման միջոցները (անչափահասի նկատմամբ կիրառվող` հսկողության հանձնելը, զինծառայողի նկատմամբ կիրառվող` հրամանատարության հսկողության հանձնելը), որոշակի նախապայմանների առկայություն պահանջող խափանման միջոցները (անձնական կամ կազմակերպության երաշխավորությունը) բացառելու պարագայում` որպես ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ են մնում գրավը և ստորագրությունը չհեռանալու մասին։ Այսինքն` գործող կարգավորումների պայմաններում նախատեսված է անձին ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների խիստ սահմանափակ համակարգ։
Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի135-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ գործող օրենսգրքով նախատեսված սակավաթիվ խափանման միջոցների պայմաններում գրավը դիտարկվում է որպես կալանավորման միակ այլընտրանքային խափանման միջոց։ Գործող քրեադատավարական օրենսգրքի պայմաններում գրավը հանդես է գալիս որպես միակ այլընտրանք, որը կալանավորման հիմքերի առկայության պայմաններում դատարանի կողմից նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության քննության շրջանակներում կարող է կիրառվել որպես հակակշռող միջոց։ Այսինքն` այն միակ խափանման միջոցն է, որը դատարանում պաշտպանական կողմը կարող է միջնորդել և դատարանը կարող է այն ընտրել որպես այլընտրանքային խափանման միջոց` մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը չեզոքացնելու համար։
Սակայն, գրավի կիրառման վերաբերյալ թերևս ամենահիմնական խնդիրն այն է, որ օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով գրավի կիրառումը պայմանավորել է միայն վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու` կալանավորման հիմքի առկայության հետ։ Ավելին, նույն հոդվածի 6-րդ մասով մեղադրյալի կողմից գրավի կիրառման պայմանները խախտելու դեպքում գրավը կարող է դարձվել պետական սեփականություն միայն` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու դեպքում։ Արդյունքում` ստացվում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում գրավը դիտարկվում է որպես գործուն միջոց բացառապես վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վտանգը չեզոքացնելու համար։ Այլ կերպ, խափանման միջոցների կիրառման մյուս հիմքերի առկայության պարագայում գրավի` որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը դառնում է առարկայազուրկ։ Այսինքն` ստացվում է, որ խափանման միջոցների կիրառման մյուս հիմքերի առկայության պարագայում անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը չի ունենում այլընտրանք։
Արդյունքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում քննիչները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` խափանման միջոցի կիրառման հիմքերը ոչ թե փաստարկված հիմնավորում են, այլ զուտ վերարտադրում օրենսգրքից, ստեղծվում է վտանգ, որ գրավի կիրառումը դատարանում բացառելու նպատակով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունում մեխանիկորեն կարող է նշվել նաև վարույթն իրականացնող մարմնից թաքնվելուց բացի խափանման միջոցի կիրառման առնվազն նաև մեկ այլ հիմք։ Նման մոտեցումն ընդունելի համարվել չի կարող և ակնհայտորեն վտանգում է անձի ազատության իրավունքը։
Միևնույն ժամանակ, գործող օրենսդրության պայմաններում գրավը չի դիտարկվում որպես ինքնուրույն խափանման միջոց, ինչն իրավակիրառ պրակտիկայում զրկում է նախաքննական մարմնին սեփական նախաձեռնությամբ կիրառել այն։ Մինչդեռ գրավն իր բնույթով արդյունավետ միջոց է գործի քննության հանրային շահի և անձի ազատության իրավունքի պաշտպանության մասնավոր շահի միջև արդարացի հավասարակշռությունն ապահովելու համար։
Գործող օրենսդրության պայմաններում գրավի կիրառման խնդիրներից է առաձնացվում գրավի գումարի չափի առավելագույն սանդղակի բացակայությունը։Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է միայն գրավի գումարի նվազագույն չափ` ոչ մեծ ծանրության հանցանքների դեպքում` 200.000 ՀՀ դրամ, միջին ծանրության հանցանքների դեպքում` 500.000 ՀՀ դրամ։ Մինչդեռ, առավելագույն չափ օրենսդրությունը չի սահմանում, ինչը որոշ դեպքերում դառնում է իրավակիրառողների մտահոգության առարկա։
ՀՀ Սահմանադրության 63-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` հրապարակայնության սկզբունքը կարող է սահմանափակվել ի թիվս այլոց` նաև արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով։ Ուստի, գործող քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածը ելնելով նախաքննական գաղտնիքի պաշտպանության անհրաժեշտությունից` նշում է դատավարական հարկադրանքի միջոցների, այդ թվում` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննական մարմնի միջնորդությունը դռնփակ դատական նիստում քննելու պահանջը։ Այդ կապակցությամբ պարզ է դառնում, որ թեև կոռուցպիոն ռիսկերի բացառման, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների երաշխավորման համար հասարակության անդամներին կալանքի կիրառման դատավարությանը մասնակից դարձնելու նկատառումներից ելնելով կարող է քննարկման առարկա դարձվել դռնբաց դատական նիստի անցկացման հնարավորությունը, սակայն ինքնին դռնփակ դատական քննության անցկացումը չի հակասում արդար դատաքննության իրավունքի էությանը։
ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է ազատազրկման դատապարտված անձի բնակելի տարածքին ներկայացվող պահանջները: Համաձայն այդ օրենսգրքի 72-րդ հոդվածի՝ ուղղիչ հիմնարկում դատապարտյալին հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ չափանիշներին, ինչպես նաև ապահովի նրա առողջության պահպանումը: Ուղղիչ հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից։ Նշված պահանջը փաստորեն ըստ հարցման ենթարկված անձանց` չի ապահովվում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Նման պայմաններում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելն իրոք կարող է լինել ներգործության միջոց` անձին «ստիպելու» համագործակցել քրեական վարույթն իրականացնող մարմնի հետ։ Այս կապակցությամբ պետք է արձանագրել, որ որպես խնդրի լուծում կարելի է քննարկման առարկա դարձնել ներպետական օրենսդրությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցելու քաղաքակիրթ իրավական ընթացակարգի ներդրման անհրաժեշտությունը, ինչը տարածված է անգլոսաքսոնական իրավական համակարգի երկրներում։ Այն մի կողմից կարող է դյուրին դարձնել նախաքննական մարմինների աշխատանքը, մյուս կողմից որոշակի «առավելություն» առաջարկելով մեղադրյալին` նպաստել երկկողմանի համագործակցության ձևավորմանը։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ.
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` կարող ենք կատարել հետևյալ եզրահանգումները կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու իրավակիրառ գործընթացի ընթացքում ծագող հիմնախնդիրների վերաբերյալ.
– ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացակայում են ազատությունից զրկելու հետ չկապված գործուն խափանման միջոցներ,
– ներկայումս կալանավորման միակ այլընտրանքային խափանման միջոցը` գրավը գործուն խափանման միջոց չէ,
– խափանման միջոց կիրառելու ոչ բոլոր հիմքերով գրավն ընտրելու անհնարինության պայմաններում կալանավորումը չի ունենում այլընտրանք, որպիսի պարագայում նաև առաջ է գալիս քրեական հետապնդման մարմինների կողմից կալանավորման միջնորդությունում լրացուցիչ հիմքերի մատնանշմամբ անբարեխիղճ վարքագծի դրսևորման վտանգը` գրավի կիրառումը դատարանում առհասարակ բացառելու նպատակով,
– գրավը չհանդիսանալով ինքնուրույն խափանման միջոց` անհնարին է դարձնում այն միանգամից նախաքննական մարմնի կողմից ընտրելու հնարավորությունը, ինչը հանգեցնում է նրան, ով վերջինս որոշ դեպքերում անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան է ներկայացնում հարկադրված,
– գործող օրենսդրությամբ գրավի գումարի սահմանման առավելագույն չափեր նախատեսված չեն, ինչը որոշ դեպքերում մտահոգում է իրավակիրառողներին,
– կոռուպցիոն ռիսկերի բացառման, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների երաշխավորման տեսանկյունից կարող է քննարկման առարկա դարձվել դռնբաց ռեժիմով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների քննության անցկացումը, թեև ինքնին դռնփակ կարգով այն քննելը չի հանգեցնում արդար դատաքննության իրավունքի խախտմանը,
– ՀՀ տարածքում գործող քրեակատարողական հիմնարկներից «Նուբարաշեն» ՔԿՀ-ն կալանավորների պահման պայմաններով չի համապատասխանում սահմանված չափանիշներին,
– կալանքը քրեական հետապնդման մարմինների կողմից որպես պատիժ կիրառելու հնարավոր պրակտիկան նվազագույնի հասցնելու նպատակով որպես լուծում կարելի է դիտարկել համագործակցության վարույթի ներդրումը քրեական դատավարությունում։