«Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոն» հասարակական կազմակերպությունը գործընկերությամբ «Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոն» հասարակական կազմակերպության, ՝2006 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացրել է `« Անկախության սերունդ » ծրագիրը` ՀՀ պետբյուջեից տրամադրած դրամաշնորհի միջոցով։
Ծրագրի համառոտ նկարագրության
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել տարբեր քաղաքական, գաղափարական և աշխարհայացքային առանձնահատկություններ ու դիրքորոշումներ ունեցող երիտասարդների միջև սերտ համագործակցությանը և կառուցողական երկխոսությանը հանուն մեր երկրի բարօրության և 15-ամյա հանրապետության հիմնական ձեռքբերումների ու նվաճումների առավել խորացման։
Ծրագրի ընթացքում կազմակերպվել են «Ճանաչիր հայրենիքդ» խորագրով ճանաչողական այցեր դեպի Հայաստանի մարզեր։Ուսանողական երիտասարդական տարբեր խմբեր, տարբեր բուհերից, յուրաքանչյուր խմբում 30 մասնակիցներ, այցելություններ են կատարել Շիրակի, Սյունիքի, Արմավիրի, Տավուշի, Լոռու, Կոտայքի մարզեր: Ծրագրի մասնակից երիտասարդների համար պատվիրվել էին համապատասխան նշանաբանով շապիկներ։ Ծրագրի այս գործողություններին մասնակցեցին մոտ 300 երիտասարդներ։
Կազմակերպվեց ուսանողական – միջբուհական գիտաժողով «15-ամյա անկախ Հայաստան, ձեռքբերումներ, մարտահրավերներ, հեռանկարներ» թեմայի շուրջ։ Միջբուհական այս գիտաժողովը անցկացվեց ՙԱնկախության սերունդ՚ ծրագրի շրջանակներում, որը իրականացրել են ՙՍոցիալական տեխնոլոգիաների կենտրոն՚ և ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ ՀԿ-ները:
Գիտաժողովը նպատակ ուներ խրախուսել ուսանողների գիտական նախաձեռնությունները և վեր հանել անկախության գաղափարի արժեքային բաղադրիչները` միաժամանակ դրանց շուրջ ծավալելով ակադեմիական և իմացաբանական քննարկումներ: Գիտաժողովի նախնական փուլում կազմկոմիտեն Երևանի 8 ԲՈՒՀ-երից ստացավ 26 մասնակցության հայտ` նույնքան զեկույցի թեզիսներով, որոնց հիման վրա մրցութային հանձնաժողովն ընտրեց եզրափակիչ փուլի 10 մասնակիցների: Գիտաժողովի եզրափակիչ փուլն անցկացվեց ՙԹեքեյան՚ մշակույթի կենտրոնի մեծ սրահում և նույնպես մրցութային էր: Ներկայացված զեկույցները գնահատվեցին մրցութային հանձնաժողովի կողմից, որն էլ ըստ սահամանված կարգի բաշխեց նախատեսված 6 դրամական և 4 խրախուսական մրցանակները:
Գիտաժողովը լայնորեն լուսաբանվել է տարբեր ԶԼՄ-ներով:
Ծրագրի շրջանակներում հրատարակվեցին Հայաստանի Անկախության 15-րդ տարեդարձին նվիրված գրքույկ, որտեղ կներկայացվեն ՀՀ Նախագահի, Աժ Նախագահի և Վարչապետի ուղերձները, ճանաչողական այցերի հիմնական արդյուքները, ինչպես նաև գիտաժողովի լավագույն զեկույցների թեզիսները։ «Անկախության սերունդ» ծրագիրը լայնորեն լուսաբանվեց ինչպես համապետական, այնպես էլ տեղական ԶԼՄ-ներով։